«Այբ» դպրոց 1եռ․/2016

Ամփոփելով ընթացիկ ուսումնական տարվա առաջին կեսը՝ նախ կանգ առնենք մի քանի ուշագրավ իրադարձությունների վրա։

  • «Այբ» դպրոցի կենսաբանության ավագ ուսուցիչ Մերի Հովսեփյանը արժանացավ ՀՀ նախագահի պարգևին: Նա պարգևատրվեց Մովսես Խորենացու մեդալով՝ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած ավանդի համար:

Mary

 

  • ՀՀ մշակույթի նախարարությունը «Այբ» դպրոցի երաժշտության ուսուցչուհի Արուսյակ Մանթաշյանին շնորհեց պատվոգիր և պարգևատրեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով՝ «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի շրջանակներն ընդլայնելու և մարզերում երեխաների հետ կրթամշակութային աշխատանքներ տանելու համար:

done.jpg

 

  • «Այբ»-ի երկու աշակերտ արժանացավ ՀՀ նախագահի կրթական պարգևին՝ «Լավագույն աշակերտ ՏՏ ոլորտում» անվանակարգում: Երիտասարդները ստացան հուշախորհրդանիշ և դրամական պարգև:

mrcanak.jpg

 

  • «Այբ» դպրոց այցելեցին Ռուսաստանի խոշորագույն բանկի՝ «Սբերբանկի» վարչության նախագահ Գերման Գրեֆը և «Սբերբանկի» վարչության նախագահի խորհրդական, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը։ Նշանավոր հյուրերը, շփվելով երեխաների հետ և շրջայց կատարելով դպրոցով, տպավորված էին դպրոցի հնարավորություններով ու կյանքով։ Նախատեսվում է Ռուբեն Վարդանյանի նոր այց դպրոց:

Արդեն ավանդույթ դարձած «Այբական խաղերը» նորից միավորեցին ամբողջ համայնքը սպորտի ու հնարամտության շուրջ: Դպրոցում էին «Այբ»-ի բոլոր բարեկամները՝ ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ ու շրջանավարտներ, «Այբ» ակումբի անդամներ և դպրոցի բարերարներ, ընդհանուր թվով՝ 800 մարդ: «Այբական խաղերի» շրջանակում կազմակերպված տոնավաճառի հասույթն ու հանգանակությունները կազմեցին մոտ 1 մլն դրամ և ուղղվեցին «Այբ» դպրոցի նոր՝ երրորդ մասնաշենքի կառուցման ծրագրին:

This slideshow requires JavaScript.

 

  • Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ «Այբ» դպրոցում անցկացվեց ավանդական ամանորյա բարեգործական տոնավաճառը: Թե՛ դրսից ժամանած հոյակապ վարպետներ ու ձեռքի աշխատանքի «հրաշագործներ», թե՛ մեր դպրոցի սաները վաճառքի էին հանել իրենց ստեղծագործությունները: Օրը լի էր տպավորություններով ու բազմաթիվ հյուրերով: Բարեգործական տոնավաճառի հասույթը կազմեց 1.256.000 դրամ, որն ուղղվեց «Այբ» միջին դպրոցի մասնաշենքի կառուցմանը:

Christmas

 

  • Դեկտեմբերի վերջին միջոցառումը եղավ «Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան»-ի համատեղ կազմակերպած «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը: «Ծրագրավորման ժամը» միջազգային ձևաչափի միջոցառում է, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս խաղերի միջոցով հեշտությամբ սովորելու ծրագրավորման տարատեսակ լեզուներ, ինչպես նաև զարգացնելու տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները: Միջոցառման նպատակն էր դպրոցականներին ցույց տալ, որ բացի տեխնոլոգիական արտադրանքներ օգտագործելուց կարելի է դրանք նաև ստեղծել:

This slideshow requires JavaScript.

 

Ամփոփենք հանրապետական օլիմպիադաներում մեր դպրոցի սաների հաջողությունները։ Ընդհանուր առմամբ 13 աշակերտ արժանացավ դիպլոմի՝ 7 առարկայից: Եվս 6 աշակերտ արժանացավ գովասանագրերի:

Առարկա Աշակերտ Դասարան Մրցանակ
Անգլերեն Դանիելլա Դոնաթելլե 9-րդ 1-ին կարգ
Էմիլեա Սիմոնյան 10-րդ գովասանագիր
Տաթևիկ Ազոյան 10-րդ գովասանագիր
Մաթեմատիկա Ալեքս Սիմոնյան 8-րդ գովասանագիր
Քիմիա Հասմիկ Հակոբյան 10-րդ 2-րդ կարգ
Աշխեն Արզումանյան 10-րդ 3-րդ կարգ
Կենսաբանություն Տիգրան Աղաբեկյան 12-րդ 2-րդ կարգ
Տաթևիկ Կարախանյան 11-րդ 3-րդ կարգ
Սոսե Բերբերյան 12-րդ 3-րդ կարգ
Սոնա Սահակյան 12-րդ 3-րդ կարգ
Հայոց լեզու Գայանե Գաբրիելյան 10-րդ 2-րդ կարգ
Արթուր Միրզոյան 12-րդ 3-րդ կարգ
Եվգենիա Հարությունյան 10-րդ գովասանագիր
Նաիրա Խաչատրյան 10-րդ գովասանագիր
Գրականություն Արթուր Միրզոյան 12-րդ 2-րդ կարգ
Գայանե Գաբրիելյան 10-րդ 3-րդ կարգ
Գերմաներեն Տաթև Մարտիրոսյան 12-րդ 3-րդ կարգ
Ռուսաց լեզու Տաթևիկ Ազոյան 10-րդ 3-րդ կարգ
Կարինե Հովհաննիսյան 12-րդ գովասանագիր

 

 

«Այբ» դպրոցում «հավես» միջոցառումների պակաս չկա. այս օրացուցային տարին սկսվեց Ընթերցանության օրով:

This slideshow requires JavaScript.

 

Փետրվարի 19-ին դպրոցը նշում էր գիրք նվիրելու օրը: Կայացավ հանդիպում-քննարկում ընթերցանության մասին: Հանդիպման հյուրերն էին «Այբ» դպրոցի ֆիզիկայի ավագ ուսուցիչ, գրականության մեծ գիտակ Գագիկ Գրիգորյանը, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արամ Մեհրաբյանը և Աշոտ Ասլանյանը: Հանդիպումը վարեց դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։ Նման հանդիպումները միշտ կազմել են «Այբ»-ի հարուստ ուսումնական առօրյայի մաս, երբ աշակերտները ոչ միայն գալիս են դասի, այլև հետաքրքիր հանդիպումների միջոցով ամրապնդում կրթության հանդեպ սերն ու գիտելիքների կարևորությունը։

Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում «Այբ» դպրոցի հյուրերն են եղել՝

  • ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը, որը խոսել է երեխաների հետ կրթության ոլորտում բարեփոխումներ կատարելու թեմայով.
  • մասնագիտությամբ ծրագրավորող, «Թումո» կենտրոնի «Ծրագրավորելով միտքն ու մարմինը» դասընթացի ղեկավար Ռուբեն Մեսչյանը, ով երեխաների հետ հանդիպել է սիրված «Անկեղծության պահերի» ձևաչափով ու պատասխանել երեխաների հարցերին:

 

Մարտ–ապրիլ ամիսներին ընթանում էր «Այբ» տարրական դպրոցի 1-ին դասարանի ընդունելությունը: 2016-2017 ուսումնական տարվա համար դպրոց ընդունվեց 32 աշակերտ:

Այս տարի առաջին անգամ «Այբ» տարրական դպրոցը կունենա շրջանավարտ՝ 4-րդ դասարանցիներ: Գիտելիքի և կրթության նկատմամբ սեր ժառանգելով՝ մեր փոքրիկները մեծ ակնկալիքներով տեղափոխվում են միջին դպրոց:

Մարտի 22-ին «Այբ» դպրոցի սաները մասնակցեցին «Կարին» և «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբերի 15-ամյակին նվիրված մեծ համերգին Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում։ Դպրոցի «ԱյԲԱր» խումբը ցնցեց հանդիսատեսին որակով ու հումորով մատուցված կատարումներով. ոմանք անգամ չկարողացան իրենց տեղերում մնալ և դահլիճի միջանցիկ հատվածներում պարի բռնվեցին։ Փայլուն էր նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում մեր շրջանավարտների հիմնած ազգային պարի խմբի ելույթը: Մի խոսքով՝ այբեցիները, ինչպես միշտ, առանձնացան մի քանի տասնյակ պարային խմբերի մեջ: Շնորհիվ ազգային պարի դասերի և անձամբ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դպրոցի պարուսույց Գագիկ Գինոսյանի ներդրման՝ մեր սաների հայրենասիրական ոգին ու ազգային պատկանելության բարձր զգացումը օրինակելի են:

Dance1

 

Մեր դպրոցը հարստանում է աշակերտների ստեղծագործ նախաձեռնություններով։ Այս տարի նախագծային ուսուցման լուսանկարչության խմբակը ներկայացրեց «Մենք ենք, մեր «Այբ»-ը» խորագիրը կրող ֆոտոնախագիծը, որը հրատարակվեց և հիացրեց բոլորին թե՛ «Այբ» համայնքի ներսում և թե՛ համացանցում: Ֆոտոնախագծի շրջանակում մեկ ամիս շարունակ «Այբ»-ի աշակերտները «Zenit» ժապավենային ֆոտոխցիկով լուսանկարել են իրենց դասընկերներին՝ ընթացքում տալով նրանց երեք հարց. 1) Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. 2) Ինչպիսի՞ն ես քեզ պատկերացնում տասը տարի անց. 3) Ո՞րն է քո կյանքի ամենալավ օրը: Նկարներից զատ, որոնք շատ ինքնատիպ ու հետաքրքիր են ստացվել, տպավորիչ էին հատկապես հենց այս հարցերի պատասխանները, որոնք պարզապես պետք է կարդալ այս հղման ներքո:

photo_208398_c09f9caf5

 

Շարունակվում են նաև ընկերային պատասխանատվության շրջանակներում մեր աշակերտների նախաձեռնությունները: Շաբաթական 2-3 անգամ աշակերտներն այցելում են «Զատիկ» մանկատուն՝ օգնելու մանկատան սաներին նախապատրաստվել դասերին և կատարել տնայինները: Մեր աշակերտները մանկատան երեխաներին հաղորդակից են դարձնում «Այբ»-ում իրենց ստացած գիտելիքներին և, ամենակարևորը, ամրապնդում ու տարածում բարեգործության ու հասարակական պատասխանատվության մշակույթը:

Այբական բուռն կյանքի մի քանի ամփոփիչ դրվագներ ներկայացնում ենք հակիրճ։

 

Առաջ անցնելով ու մտնելով արդեն հաջորդ եռամսյակ՝ այնուամենայնիվ որոշեցինք չհետաձգել ևս մեկ կարևոր իրադարձության մասին պատմող լուրը: Այո՛, խոսքը մեր դպրոցի ռոբոտիկայի թիմի փայլուն ելույթի մասին է ապրիլի 7-ից 9-ը ԱՄՆ-ի Մարիոն քաղաքում անցկացված հեղինակավոր «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) մրցույթում, որտեղից տղաները տուն վերադարձան արծաթե մեդալով և մրցույթի կազմակերպիչ «Honda» ընկերության շնորհած հեղինակավոր «Honda Innovation Award» մրցանակով: Այս մասին շատ ենք խոսել, բավարարվենք այսքանով: Միայն մաղթենք մեր տղաներին նոր հաղթանակներ ու նոր բարձունքներ: Որոշ նյութեր այս կարևոր նվաճման մասին տալիս ենք հղումներով:

Հավելյալ տեղեկություն միայն ներքին լսարանի համար

Ծնողական համայնքի հզորացումը՝ առաջնահերթություն

«Այբ» հիմնադրամի հաղորդակցության թիմի նախաձեռնությամբ աշխատանքային մի քանի հանդիպում կազմակերպվեց՝ հասկանալու համար, թե ինչ դեր պետք է ծնողն ունենա դպրոցի կյանքում ու համայնքում և թե ինչպես կարելի է ակտիվացնել ու հզորացնել ծնողական համայնքը՝ հօգուտ դպրոցի զարգացման: Ծնողը փաստորեն ցանկացած դպրոցի՝ որպես ուսումնական կառույցի մասին տեղեկության ամենավստահելի աղբյուրն է, ուստի այն կարծիքը, որ ծնողն ունի դպրոցի մասին և որը նա տարածում է լայն հասարակության շրջանում, ընդունվում է միանշանակ: Այն, թե որքանով մեզ կհաջողվի ստեղծել ու ամրապնդել առողջ ու փոխգործակցության հիմքերի վրա կառուցված հարաբերություններ ծնողների հետ, ուղղակիորեն կպայմանավորի մեր դպրոցի մասին կարծիքների ու պատկերացումների ձևավորումը լայն հասարակության շրջանում: Աշխատանքային խումբը նախանշել է դպրոց-ծնող կապերից ակնկալիքներն ու նպատակները, քննարկվել են մի շարք միջոցառումներ, որոնք պետք է քայլ առ քայլ իրականացվեն այդ նպատակներին հասնելու համար, անցկացվել է փոքրիկ հարցում ծնողների շրջանում՝ գնահատելու համար նրանց հավաքական կարծիքը մեր դպրոցի մասին:

Ներքին ընդունելության մարտահրավերները

2016-2017 ուսումնական տարվա մարտահրավերներից է առաջին անգամ տարրական դպրոցից դեպի միջին և միջին դպրոցից դեպի ավագ ներքին ընդունելության կազմակերպումը: Թեև ներքին ընդունելության ընթացակարգը նախապես մանրամասն մշավել էր, դրա ներդրումը (որոշ փաստաթղթերի պատրաստման ընթացքը) կարիք ունի հստակեցման և լրամշակման: Տարվում են բազմապրոֆիլ աշխատանքներ, կազմվում են հաշվետվություններ՝ աշակերտների առաջադիմության և վարքի հետ կապված, հանդիպումներ են կազմակերպվում մտահոգ ծնողների հետ:
Որոշվել է նաև, որ 5-րդ և 6-րդ դասարանները լինելու են տարրական դպրոցի ղեկավար Սիլվիա Յակուբյանի պատասխանատվության ներքո:

Թողնել մեկնաբանություն